Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իրավիճակի սրման հիմնական պատճառը մեր երկարամյա քաղաքական-դիվանագիտական նիրհն է»

«Իրավիճակի սրման հիմնական պատճառը մեր երկարամյա քաղաքական-դիվանագիտական նիրհն է»
08.04.2016 | 01:03

Ռազմական գործողությունները «տեղափոխվել» են դիվանագիտական դաշտ: Հայաստանը պետք է կարողանա ամրագրել իր դիրքերը նաև քաղաքական հարթությունում: Բլիցկրիգի, ղարաբաղյան հակամարտության այս փուլի շուրջ «Իրատեսը» զրուցեց ԼՂՀ նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

-Ինչո՞ւ Ադրբեջանը ռազմական գործողությունների վերսկսման համար ընտրեց հենց այս պահը:
-Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Ռուսաստանի համար էապես աճել է Ադրբեջանի գինը և, դրանից օգտվելով, պաշտոնական Բաքուն փորձում է ստեղծված իրավիճակից իր համար կորզել առավելագույնը: Ապրիլի 7-ին Ադրբեջանի մայրաքաղաքում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվա-Բաքու-Թեհրան նոր ռազմավարական առանցք ձևավորելու հեռանկարների վերաբերյալ կարևոր որոշումներ պետք է կայացնեն: Այդ առանցքում աշխարհագրորեն կենտրոնական դիրք գրավող Ադրբեջանը, իր համաձայնության դիմաց հատկապես Ռուսաստանից Արցախի հետ կապված պահանջներ ունի, որոնց լրջությունը հավաստելու փորձ էին շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված պատերազմական գործողությունները:
-Այսօր հարաբերական անդորր է: Ի՞նչ երաշխիք կա, որ հաջորդ պահին պատերազմը չի վերսկսվի: Հայկական կողմն ինչպիսի՞ նախաձեռնությամբ պետք է հանդես գա, որ նման հավանականությունը բացառի:
-Այս պահի դրությամբ խաղաղության պահպանման որևէ երաշխիք չկա և չի էլ կարող լինել: Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին, չի կարելի տարիներ շարունակ քաղաքական նիրհի մեջ գտնվելուց հետո հանկարծ արթնանալ ու մեկ վայրկյանում հետ բերել կորսվածը: Գոյություն ունեն իրավիճակը շտկելու որոշակի հնարավորություններ, սակայն առայժմ հիմքեր չունեմ վստահ լինելու, որ ՀՀ և ԼՂՀ գործող իշխանությունները այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ նախաձեռնելու ցանկություն և կամք կունենան:
-Շատերը պնդում են, որ պահը հասունացել է, և Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի առնչությամբ:
-Բազմիցս եմ ասել, որ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը կարող է իրապես օգտակար ու արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե տեղի ունենա քայլերի որոշակի հաջորդականություն պահանջող գործընթացի արդյունքում: Պարզունակ, հեռահար ռազմավարական նպատակների հետ որևէ կապ չունեցող այսրոպեական լուծումները բացառիկ վնաս կարող են հասցնել մեր ազգային շահերին ու պետական անվտանգությանը:
-Բանակցային գործընթացից ԼՂՀ-ն որպես կողմ ժամանակին «չեզոքացնելու» սխալն այսօր չպե՞տք է ուղղվի:
-Այդ խնդրի լուծումը մեր ընդհանուր ռազմավարության ուղղություններից մեկը պետք է լինի, այդ նպատակին հասնելու համար ևս լուրջ ու հետևողական ջանքեր պետք է գործադրվեն: Այդուհանդերձ, հակամարտության իրական բովանդակությունն ու մասնակից կողմերի ճշմարիտ ձևաչափը վերականգնելը փոխընդունելի պայմաններով երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ, սակայն միակ նախապայմանը չէ:
-Ձեր կարծիքով, լարվածության սրման համար որքա՞ն է գերտերությունների, մասնավորապես Ռուսաստանի և ԱՄՆ-ի մեղքի բաժինը:
-Սահմանում իրավիճակի այսօրինակ սրման հիմնական պատճառը մեր երկարամյա քաղաքական-դիվանագիտական նիրհն է, և մենք այժմ չպետք է զարմանանք կամ վրդովվենք նրանից, որ ուրիշները, օգտվելով մեր հանցավոր անհոգությունից կամ անհեռատեսությունից, փորձում են մեր ոսկորների վրա կառուցել իրենց անվտանգության համակարգն ու առաջ մղել սեփական շահերը: Մենք ունենք ընտրություն՝ կարող ենք կրկին ազգովին արջաքուն մտնել կամ էլ, ի վերջո, սեփական ճակատագրի, ապագայի համար ստանձնել համարժեք պատասխանատվություն:
-Ձեր դիտարկմամբ՝ ղարաբաղյան հակամարտության այս ողջ ընթացքում ե՞րբ ենք խնդրի լուծմանն ավելի մոտ եղել:
-1994 թվականին հաստատված զինադադարից հետո մենք միայն շարունակաբար հեռացրել ենք հարցը սեփական շահերի ծիրում լուծելու հնարավորությունը, հետևողականորեն թուլացրել մեր բանակցային դիրքերը: Իրավիճակը շտկելու առանձին գործնական փորձերը, ցավոք, բավականին արագ կասեցվել են:
-Այս զարգացումներից, ըստ Ձեզ, իշխանություններն ինչպիսի՞ դասեր պետք է քաղեն:
-Իշխանությունների առաջիկա քայլերը ցույց կտան, թե արդյո՞ք նրանք առհասարակ օժտված են դասեր քաղելու ընդունակությամբ: Սակայն ներկայիս զինադադարի հաստատման եղանակն արդեն իսկ հուշում է, որ այս առումով չարժե մեծ հույսեր փայփայել:

Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ